13 օգոստոսի 2020 - 10:48 AMT
Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է ՀՀ հետ սահմանին սրման բացառումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է հայ-ադրբեջանական սահմանին սրմանը նպաստող ցանկացած գործողության բացառումը։ Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած սրման լույսի ներքո։

Քննարկել են նաև երկկողմ օրակարգի կարևոր հարցեր։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական գործակցության հետագա զարգացմանն ուղղված փոխադարձ տրամդրվածությունը։

Ալիևը շնորհավորել է Պուտինին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։