5 փետրվարի 2009 - 19:21 AMT
Հայաստանի նախագահը կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցները ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանությունը բացահայտելու համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առնչությամբ: Անդրադառնալով տեղի ունեցած ոճրագործությանը, Հանրապետության Նախագահը նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ եւ տեղյակ է դեպքի քննության ընթացքին: Նախագահ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների, պարզված հանգամանքների եւ առաջ քաշված վարկածների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը նշել է, որ «ոճրագործությունը ցավ է պատճառել տասնյակ հազարավոր մարդկանց` ցավ, վրդովմունք, վիրավորանք: Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլ մի ողջ համակարգի` ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ: «Գեւորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացմանն ուղղված պայքարին եւ սա էլ մենք պետք է գիտակցենք: Պետք է գիտակցենք եւ համարժեք պատասխան տանք: Մեր գործողությունները պետք է բխեն նաեւ այս հանգամանքից»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ դեպքի առթիվ ստեղծված քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը Հանրապետության նախագահին զեկուցել են դեպքի մանրամասները եւ այդ առնչությամբ տարվող քննության հիմնական ուղղությունները: Հանրապետության նախագահը հանձնարարել է պարբերաբար զեկուցել քննության արդյունքերի մասին եւ ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Փետրվարի 3-ին` ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ` Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Պետրոսի Մհերյանը: Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք` 1-ը կրծքավանդակի, 3-ը` գլխի շրջանում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ` ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: