13 օգոստոսի 2020 - 17:43 AMT
Անկարայում հայկական գերեզմանոց են պղծել. Աճյունները հանել են գերեզմաններից

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սբ Փրկիչ և Սբ Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը պղծել են, աճյունները՝ հանել գերեզմաններից։

Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, գրում է Ermenihaber-ը։

Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։

Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։

Անկարայի քաղաքապետը հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։