13 օգոստոսի 2020 - 19:29 AMT
ՀՀ-ից Ֆրանսիա գնացող ֆրանսիացիները ՊՇՌ թեստ կհանձնեն

Ֆրանսիան Հայաստանից և ևս 15 երկրից ժամանող իր քաղաքացիներին պարտադրում է մինչ ժամանելը կամ վայրէջք կատարելուց անմիջապես հետո հանձնել կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեստ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հստակեցվում է, որ խոսքը նշված երկրներից եկող ֆրանսիացիների մասին է, ոչ թե օտարերկրացիների։ Վերջիններիս մուտքը Ֆրանսիա արգելված է։

Հայաստանից բացի, այդ երկրների ցանկում են Մալդիվները, Կոլումբիան, Չեռնոգորիան, Ղրղզստանը, Պակիստանը, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան ևն։

Ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով երկրներում կորոնավիրուսի տարածվածության աստիճանը։

Օգոստոսի 14-ի դրությամբ Ֆրանսիայում հայտնաբերվել է 244,088 կորոնավիրուսի դեպք, դրանից մահվան` 30,375 դեպք։