15 օգոստոսի 2020 - 11:37 AMT
Իրանին զենքի մատակարարման էմբարգոն չի երկարաձգվել․ Պուտինն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստը

ԱՄՆ-ն ձախողել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու փորձը։

Այն չի երկարաձգվել, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է տեղափոխել համաշխարհային լիդերների օնլայն հավաքը՝ խուսափելու համար ԱՄՆ սպառնալիքների պատճառով «առճակատումից», փոխանցում է Reuters-ը։

ՌԴ-ն և Չինաստանը դեմ են արտահայտվել զենքի մատակարարման արգելքին, որի ժամկետը լրանում է 2020-ի հոկտեմբերին՝ համաձայն Իրանի և համաշխարհային տերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի։ 11 պետություն ձեռնպահ է մնացել քվեարկությանը մասնակցելուց՝ այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ ԱՄՆ-ն ու Դոմինիկյան Հանրապետությունը կողմ են քվեարկել։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդն անկարող է եղել գործել վճռականորեն՝ «պաշտպանելու համար միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»։ Պոմպեոն դա անընդունելի է համարել։

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն՝ սիրիական քաղաքացիական պատերազմում Իրանի դաշնակիցը, լիովին հավատարիմ է միջուկային համաձայնագրին, իսկ գագաթաժողովի նպատակն է քայլեր ձեռնարկել ՄԱԿ անվտանգության խորհրդում «աճակատումից և էսկալացիայից» խուսափելու համար։

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ նոր գործարքի համար, որը կխոչընդոտի այդ երկրին միջուկային զենքի ստեղծման աշխատանքներում, ինչպես նաև կսահմանափակի Իրանի գործողությունները տարածաշրջանում և այլուր։ 2015-ի միջուկային գործարքը, որը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, Թրամփը կոչել է «պատմության վատագույն գործարք»։

Օգոստոսի 12-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հույս էր հայտնել, որ Իրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ բոլոր փորձերը կձախողվեն։ Նա նշել էր, որ էմբարգոն երկարաձգելը ՄԱԿ բանաձևերի խախտում է։