18 օգոստոսի 2020 - 12:18 AMT
Ֆաուչի․ Covid-19-ը հետևանքներ է թողնում նաև բուժված երիտասարդների առողջության վրա

Կորոնավիրուսը հաղթահարած երիտասարդների մի մասի մոտ նկատվում են սրտանոթային համակարգի խնդիրներ։ Դրա համար անհրաժեշտ է զգուշանալ պնդումից, թե պետք է թույլ տալ երիտասարդներին վարակվել և բուժվել։ Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին։

«Մարդիկ ասում են՝ թողնենք երիտասարդները վարակվեն, դա նորմալ է։ Ոչ, դա նորմալ չէ»,-կարծում է Ֆաուչին։

Բուժվելուց հետո երիտասարդները շաբաթներ և երբեմն նույնիսկ ամիսներ անց ունենում են ախտանիշեր։ Ֆաուչիի համար սա օրեցօր ավելի անհանգստացնող է դառնում։

«Ես ձեզ երաշխավորում եմ, եթե մենք այս զրույցն ունենանք վեց ամսից կամ մի տարուց, մենք վերանայելիս կլինենք ոչ հոսպիտալացված պացիենտների վրա երկարատև վնասակար ազդեցության մասին գրականությունը», - հայտարարել է Ֆաուչին:

Օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,891,107 կորոնավիրուսի դեպք, մահացել է 774,160, առողջացել՝ 13,893,717 մարդ։

Photo: Kevin Dietsch/Getty Images