19 օգոստոսի 2020 - 10:47 AMT
Բայդենը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես հաստատել է երկրի նախկին փոխնախագահ, 77-ամյա Ջո Բայդենին որպես իր միակ թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։ Այդ որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին կայացած կուսակցության համազգային համագումարում։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Միավորել Ամերիկան» կարգախոսով համագումարը հիմնականում առցանց է անցել։ Բանախոսները նախապես տեսագրել են իրենց ելույթները՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար, գրում է Deutsche Welle-ն:

Բուն քվեարկությունը նույնպես տեսաձևաչափով է անցել։ ԱՄՆ նահանգներից և տարածքներից կուսակցության պատվիրակները վիրտուալ եղանակով են հրապարակել իրենց փրայմերիզների արդյունքները։ Ըստ դրանց՝ Բայդենը համագումարում քվեարկության իրավունք ունեցող կուսակցության պատվիրակների առավելագույն թվով քվեներն է ստացել։

Բայդենի ներկուսակցական մրցակիցը Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսն էր։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին։ Բայդենի մրցակիցը Հանրապետական կուսակցությունից լինելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։