5 փետրվարի 2009 - 19:52 AMT
Բաքվի մանկամիտ մեկնաբանությունները չեն նպաստում ղարաբաղյան գործընթացի առաջխաղացմանը
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի խոսքերը ծիծաղելի են եւ զարմանալի, ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը` մեկնաբանելով Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե Հայստանի նախագահ Սրեժ Սարգսյանի «համարձակությունը չբավարարեց մասնակցելու համար տարբեր հարցերի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ քննարկումներին, որ կայացան Դավոսում` Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում»:

Ըստ Վիգեն Սարգսյանի, ի սկզբանե նախատեսվում էր Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Վերաիմաստավորելով մեծ խաղը» քննարկումներին, սակայն ձեւաչափում կատարված փոփոխությունների պատճառով որոշվեց մասնակցել հանդիպմանը արտգործնախարարի մակարդակով: Ինչպես նշել է Վ.Սարգսյանը, նման մանկամիտ մեկնաբանությունները չեն նպաստում ղարաբաղյան գործընթացի առաջխաղացմանը: Ընդ որում Վիգեն Սարգսյանը հավելել է. «Այլ հարց է, թե որքանով է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի բառապաշարը տեղավորվում էթիկայի նորմերի մեջ կամ ինչ է նա հասկանում խիզախություն ասելով: Դա պետք է մտահոգի իրեն եւ նրա ղեկավարությանը»: