7 փետրվարի 2009 - 13:51 AMT
ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի վերաբերյալ համաձայնագրի կնքումը զուտ քարոզչական քայլ է
Օրերս կնքված համաձայնագիրը ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) ստեղծման մասին զուտ քարոզչական քայլ է, ուղղված Ռուսաստանի կողմից մի քանի րոպեական հարցերի լուծմանը: Այդ մասին PanARMENAIN.Net-ի թղթակցին է հայտարարել Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Ընդ որում, դրանք ավելի շուտ հոգեբանական խնդիրներ են, քան քաղաքական: Այս համաձայնագիրն ըստ էության ժամկետանց ցավազրկող է «դաժանացող» տերության մարող ազդեցության եւ հարգանքի ֆանտոմային ցավերի դեմ, դիվերսիֆիկացված պատասխան «ամերիկյան իմպերիալիզմին եւ ՆԱՏՕ-ի զինվորականությանը», որոնք երկար մնացին Աֆղանստանում եւ Իրաքում, խաղադրույքները բարձրացնելու փորձ հետխորհրդային տարածքում, Կենտրոնական Ասիայում ընթացող Մեծ Խաղում: Արդյունքում ստացվեց այնպես, որ ցանկանում էին որ լավ լինի, իսկ ստացվեց ինչպես միշտ: Այսինքն` ոչ մի կերպ, ինչպես եւ նման պայմանագրերի ճնշող մեծամասնությունը ԱՊՀ ձեւաչափում»,-ասել է Մեհրաբյանը: Փորձագետի խոսքերով, պայմանագրի մասնակից երկրներրը պատշաճ ներուժ չունեն ուժի արդյունավետ եւ օպերատիվ կիրառման համար այս կամ այն արտակարգ իրավիճակում Եվրոպայի եւ Խաղաղ օվկիանոսի միջեւ ընկած հսկայական տարածքում, որը «չի զիջում» ՆԱՏՕ-ին, ինչը միանշանակ ակնարկեց նախագահ Մեդվեդեւը, սակայն չասաց, թե ինչով եւ ինչպես չի զիջում: «Այսինքն հայտարարված խնդիրները իրենց մասշտաբով չեն համապատասխանում կազմակերպության մակարդակին ու առանց բացառության բոլոր մասնակից երկրների բանակների նյութատեխնիկական ապահովվածությանը: Այո, այդ թվում նաեւ Ռուսաստանի, ինչի մասին մեզ տեղեկացնում են բաց աղբյուրները: Եվ ընդհանրապես, նման խնդիրների լուծումը ենթադրում է բանակների հիմնարար բնորոշիչների ու պարամետրերի հետինդուստրիալ մակարդակ, որը չկա, եւ դեռ երկար ժամանակ չի լինի»,-ասել է Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է պայմանագրի մասնակից մյուս երկրներին, ապա, նրա խոսքերով, պայմանագիրը
առանձնապես չի պարտավորեցնում մասնակից երկրներին, ոչ էլ ինչ-որ բան է տալիս նրանց: «Սակայն նրանք եկան եւ առանց աղմուկի ստորագրեցին պայմանագիրը, քանի որ շատ վախեցած են ռուսական կողմի ոչ համարժեք եւ ահագնացող կոշտ պայմաններով այն միջոցների դիմաց, որոնց կարիքը նրանք բոլորն ունեն: Համաձայնագիրը պուտինյան Ռուսաստանի հանդեպ հետխորհրդային երկրների մեծամասնության իշխանությունների տեսանելի չեզոքության հերթական վկայությունն է` Արեւմուտքին հասցեագրված ուղերձի տեսքով, դրական պատասխան է «դու ինձ հարգո՞ւմ ես» հավերժական հարցին: Դե իսկ ռազմական առումով մնում է միայն լարել երեւակայությունը եւ պատկերացնել, օրինակ, ուզբեկական ու տաջիկական հատուկ նշանակության ուժերին, որոնք Ադրբեջանի օդային տարածքով շտապում են օգնել եղբայրական Հայաստանին, որն, օրինակ, ետ է մղում թուրքական ագրեսիան, կամ հայ դեսանտայիններին, որ ետ են մղում ֆունդամենտալիստներին Պամիրում: Չափազանց թանկ է եւ անլուրջ»,-ասել է Մեհրաբյանը: