9 փետրվարի 2009 - 19:09 AMT
Վիկ Դարչինյան. Արսեն ուժեղ եւ լավ բռնցքամարտիկ է
Առաջին ամենաթեթեւ քաշային կարգում աշխարհի բռնցքամարտի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նույն քաշային կարգում WBA ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Խորխե Արսեի հետ շաբաթ օրվա մենամարտից հետո հայտարարել է, որ ինքը զարմացած էր իր մեքսիկացի մրցակցի համառությամբ եւ մարտական ոգով:

«Նա ապշեցրեց ինձ: Ես չէի սպասում, որ նա ինձ այդպիսի մարտ ցույց կտա,- խոստովանել է Դարչինյանը մենամարտի ավարտից հետո: - Նա ուժեղ եւ լավ բռնցքամարտիկ է: Ես նրան լավ եւ ուժեղ հարվածներ էի հասցնում, բայց նա շարունակում էր առաջ գնալ: Ես, իհարկե, կգերադասեի նոկաուտ անել նրան, բայց այդպիսի հաղթանակն էլ վատ չէ: Ես երջանիկ եմ եւ ինձ շատ լավ եմ զգում: Հնարավոր է, որ հաջորդ ռաունդում ես նոկաուտ անեի նրան: Արսեն մի քանի լավ հարվածներ հասցրեց, բայց ես շատ ուժեղ էի: Կարծում եմ, որ իմ արագությունը դարձավ որոշիչ գործոնը: Ես պատրաստ եմ մենամարտել ում հետ պատահի»:

Այդ միջոցին ողջ կարիերայի ընթացքում Դարչինյանին միակ պարտությունը «պարգեւած» Նոնիտո Դոները, որը նոկաուտ արեց հայ բռնցքամարտիկին 2007թ., իր հիացմունքն է արտահայտել մեքսիկացի Արսեի հանդեպ:

«Ես հիանում եմ Արսեով. նա պայքարում էր մինչեւ վերջ: Մինչդեռ Դարչինյանը բոլորովին չի փոխվել: Նա նույն սխալներն էր գործում, ինչ ինձ հետ մենամարտի ժամանակ: Եթե ես Արսեի տեղը լինեի, ես նրան նույն կերպ նոկաուտ կանեի, ինչպես եւ անցյալ անգամ: Ես պատրաստ եմ ռեւանշ տալ Դարչինյանին եւ վստահ եմ, որ այն կավարտվի այնպես, ինչպես եւ մեր առաջին մենամարտը»,- Դոների խոսքերն է մեջբերում Boxingscene.com-ը: