Հայաստանում ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու, կանոնակարգվելու է զենքի պահպանումն ու կիրառումը։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նրա խոսքով՝ զենք կստանա մոբիլիզացիոն այն ռեսուրսը, ռեզերվները, որոնք կցագրված չեն հայկական զինված ուժերի համալրման գործընթացին։
Նախարարը նշել է, որ աշխարհազորի ստեղծումը ռազմականացում չէ․ «Մեր քաղաքացիական ժողովուրդն է, որն ընդգրկվելու է երկրի պաշտպանությանը և պաշտպանունակության ամրապնդմանը»։
Տոնոյանի փոխանցմամբ՝ նոր աշխարհազորը Երկրապահ կամավորական կառույցի հետ փոխլրացնող, փոխինտեգրված կառույց է լինելու, և շատ հնարավոր է՝ որոշ ուղղություններով հենց երկրապահի կառույցները լինեն աշխարհազորային ստորաբաժանումների հիմքը։
ՊՆ-ն առաջարկել էր պաշտոնապես աշխարհազոր ստեղծել, օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել։
Հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տվել, որ դրանց ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի կիրառմամբ։ Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով Հայաստանին անհրաժեշտ է աշխարհազոր։
Ըստ նախագծի՝ լինելու են առանձին ստորաբաժանումներ, քաղաքի ղեկավարի տեղակալը համայնքի բրիգադի հրամանատարն է լինելու, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի գումարտակի հրամանատարը: