Ռուանդայում հյուրանոցի տեր Պոլ Ռուսեսաբաջինան, որը հազարից ավելի ռուանդացիների կյանքեր է փրկել ցեղասպանությունից՝ պատսպարելով նրանց, ձերբակալվել է ահաբեկչության հետ կապ ունեցող հանցագործությունների կասկածանքով, հայտնում է CNN-ը։
66-ամյա Ռուսեսաբաջինան մեղադրվում է ծայրահեղական զինված ահաբեկչական կազմակերպության հիմնադիր, առաջնորդ և հովանավոր լինելու համար։
Նա Ռուանդայում չի բնակվում 1996 թվականից՝ իր վրա մահափորձից հետո։ Հայտնի չէ, թե որ երկիրն է օգնել Ռուանդայի իրավապահներին ձերբակալել Ռուսեսաբաջինային։
Նրա թիմակիցները և անձամբ ինքը՝ Ռուսեսաբաջինան, կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է երկրի նախագահ Պոլ Կագամեի կառավարության կողմից՝ վերջինիս քննադատելու համար։
1990-ականների սկզբին ժամանակավոր կառավարության իրագործած Ռուանդայի ցեղասպանության ժամանակ մոտ 1 մլն մարդ է զոհվել։
Ռուսեսասբաջինային, որն այդ ժամանակ աշխատում էր տեղի հոթելներից մեկում որպես մենեջեր, հաջողվել է հյուրանոցի հարկի տակ պատսպարել հազարից ավելի մարդու և փրկել նրանց։ Հոլիվուդյան Hotel Rwanda ֆիլմը նրա սխրագործության մասին է: