10 փետրվարի 2009 - 13:22 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կան ցավոտ հարցեր, սակայն պետք է ճանաչել դրանց գոյությունը եւ առաջ շարժվել
Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը շատ դրական նշան է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: «Կա առաջընթաց, եւ ես հուսով եմ, որ հարաբերությունների կարգավորումը սարերի ետեւում չէ: Անշուշտ, կան ցավոտ հարցեր, որ վերաբերում են ընդհանուր պատմությանը: Ես կարծում եմ, որ պետք է ճանաչել դրանց գոյությունը եւ առաջ շարժվել: Ողջ աշխարհը գիտի, թե ինչ է կատարվել Առաջին աշխարհամարտի տարիներին: Սակայն հարկավոր է առաջ գնալ, քայլ առ քայլ եւ աշխատել համաձայնության գալ: Դա հարկավոր է եւ Հայաստանին, եւ Թուրքիային»,-ասել է նա:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության սկիզբը դրվեց 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտարարեցին, որ այդ հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկների միջեւ երկխոսության հաստատման համար: Երեւանում Ս.Սարգսյանն ու Ա.Գյուլը քննարկեցին նաեւ պաշտոնական Անկարայի «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությունը, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Ս.Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ կողմ է երկխոսությանը, թուրքական նախաձեռնությունը գնահատել է որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ