10 փետրվարի 2009 - 16:08 AMT
Հայաստանն ու Թուրքիան նպատակադրված են կարգավորելու հարաբերությունները բանակցությունների միջոցով
Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ընթացքում Ալի Բաբաջանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: «Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ընդգծեց հակամարտության լուծման կարեւորությունը տարածաշրջանի կայունության տեսակետից եւ նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքին եւ սկզբունքներին ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը համապատասխան: Էլմար Մամեդյարովն իր հերթին Բաքվի պատրաստակամությունը հայտնեց` ակտիվացնելու ջանքերը, որպեսզի Կովկասի կայունության պլատֆորմի գաղափարը իրականություն դառնա»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը:
Նախքան Բաքու ժամանելը Ալի Բաբաջանը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ու Թուրքիան նպատակադրված են կարգավորելու հարաբերությունները բանակցությունների միջոցով: «Մենք ապավինում ենք նաեւ երրորդ կողմի օգնությանը, ինչը մեզ կարող է պետք գալ բանակցային գործընթացում: Մենք գտնվում ենք այդ գործընթացի մեջտեղում, եւ երկկողմ հանդիպումները շատ ինտենսիվ են»,- նկատել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Anatolia news agency-ն: