2 սեպտեմբերի 2020 - 18:51 AMT
Ավինյան․ Կիբեռանվտանգության ոլորտում պետմարմինների գործառույթները պետք է հստակեցնել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում գործընթացներին ու բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ պետք է հստակեցնել կիբեռանվտանգության ոլորտում պետմարմինների գործառույթները ու պարտականությունները:

Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են` հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ:

Նա նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման, պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։

Ադրբեջանցի հաքերներն ավելի վաղ հայտնել էին, որ կարողացել են ՀՀ կառավարական ներքին ցանցից տանել 55 ՏԲ տեղեկատվություն և հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։

Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։