4 սեպտեմբերի 2020 - 09:59 AMT
Բելառուսի վարչապետը կպատվաստվի Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութով

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն որոշել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով։ Այս մասին, Belta-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ վստահություն հայտնելով, որ ամեն ինչ լավ կլինի։

Բելառուսը ռուսական պատվաստանյութը ձեռք բերող առաջին երկիրը կլինի։

Օգոստոսի 3-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 72,000 մարդ, մահացել` մոտ 700-ը։

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։

Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։