4 սեպտեմբերի 2020 - 15:51 AMT
Վագոն-տնակի պայմաններից կազատվի ևս մեկ ընտանիք

Արարատի մարզի Դվին գյուղում տեղադրված երկաթյա կացարանը, 8 տարի Կարապետյանների ընտանիքին ծառայելուց հետո, քայքայվել է: Որդու՝ Մարտիկի ընտանիքին օգնելու նպատակով 91-ամյա հայրը՝ Սոտնիկը, շինարարություն է նախաձեռնել՝ ներդնելով տարիներ շարունակ խնայած թոշակը:

Ավելին չկարողանալով՝ Սոտնիկը որդուն ուղղորդել է դիմել հանրապետության բոլոր մարզերում տնաշինական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»:

Ընտանիքն ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տնաշինական ծրագրում:

Կարապետյանների ընտանիքը շինարարությունը սկսել է համավարակի պայմաններում:

«Վագոն-տնակը մետաղական է և քայքայվել է: Ներսում վաղուց կաթում էր, առաստաղն էլ շարքից դուրս էր եկել: Փորձեցինք դեմն առնել, նորոգել, բայց ամեն ինչ ժամանակավոր էր: Ստիպված հարմարվել ենք, բայց այլևս հնարավոր չէ համակերպվել»,- ասել է տանտիրուհին՝ Մելսիդա Կարապետյանը:

Արդեն մի քանի ամիս ընթացող շինարարությունը փոխել է ընտանիքի անդամների տրամադրությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Աշխատում են օր առաջ ավարտին հասցնել այն, ինչը չի հաջողվել նախկինում: 91-ամյա պապն էլ անհամբեր սպասում է նոր տան բացման արարողությանը:

Սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող՝ տարիների գործընկերներն ակտիվորեն հետևում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ ձգտելով տարեվերջին արձանագրել ծրագրով նախատեսված՝ ցանկալի արդյունքը: