5 սեպտեմբերի 2020 - 12:48 AMT
Եվս 3 մահ՝ ալկոհոլային թունավորումից

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Այժմ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժվում է 13 պացիենտ։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 17-ը՝ մահվան ելքով, 16 պացիենտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ Դեպքերից 29-ն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում (7-ը մահվան ելքով), 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Թունավորման դեպքերը կապված են եղել ոչ գործարանային արտադրույթան ոգելից խմիչքի օգտագործման հետ։

Ըստ Նիկողոսյանի՝ պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն, բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը:

Նրանցից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։