11 փետրվարի 2009 - 17:05 AMT
Իսրայելի Քնեսեթի ընտրություններում հաղթել է «Քադիմա« կուսակցությունը
Իսրայելի Քնեսեթի ընտրություններում ոչ մեծ առավելությամբ հաղթել է «Քադիմա« կուսակցությունը, երկրորդ տեղում է ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցությունը: Ընտրաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո, «Քադիման» Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի գլխավորությամբ 28 տեղ է ստացել Քնեսեթում, իսկ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդը»` 27 տեղ: Երկու առաջնորդներն արդեն հայտարարել են իրենց հաղթանակի մասին: Ընդամենը Քնեսեթում 120 տեղ է:

«Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը Ավիգդոր Լիբերմանի գլխավորությամբ կարող է հավակնել 15 մանդատի, իսկ Իսրայելի պաշտպանության նախարարի Աշխատանքի կուսակցությունը` 13 մանդատի:

Ստացված արդյունքները խոսում են այն մասին, որ կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Ուստի որոշիչ դերը կարող է խաղալ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը, որի հետ կոալիցիայի է ստիպված գնալ առաջատար կուսակցություններից մեկը նոր կաբինետի ձեւավորման համար, հաղորդում են ԶԼՄ-ները: