8 սեպտեմբերի 2020 - 11:02 AMT
Հայ և ռուս օդաչուներն օդային «մարտի» են բռնվել վարժանքի շրջանակում

ՀՀ ԶՈւ և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռուսական ռազմակայանի օդաչուները համատեղ թռիչքային մարտավարական վարժանք են անցկացրել մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։

Հայաստանի ԶՈւ օդաչուները ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով պայմանական վերատեղակայում են իրականացրել պահուստային օդակայանում։

Օդաչուները Միգ-29, ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով Ալագյազ զորավարժարանում ցամաքային թիրախների ոչնչացման հատուկ թռիչքային առաջադրանքներ են կատարել՝ թիրախավորելով պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, վարժանքներ են կատարել՝ խուսանավելով պայմանական հակառակորդի գրոհիչ և կործանիչ ավիացիայից։

Օդային «մարտից» հետո ինքնաթիռները վայրէջք են կատարել Գյումրիում։

Համատեղ վարժանքին մասնակցում է մոտ 500 զինծառայող երկու երկրից և մոտ 50 միավոր մարտական տեխնիկա։