Արցախի ՊԲ զորամասերում շարունակում են գործել կորոնավիրուսային համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է այդ մասին՝ հաշվի առնելով, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ ելումուտի սահմանափակումները։
«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտի սահմանափակումները հանվում են: Այսուհետ Արցախից դուրս գալու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ։ Հանվում է նաև Արցախ մտնելու համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պայմանը։