9 սեպտեմբերի 2020 - 16:36 AMT
Մասկը 1 օրում կորցրել է կարողության 1/5-րդը՝ $16.5 մլրդ

SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է կարողության մեկ հինգերորդը՝ $16.5 մլրդ՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի եռյակից նահանջելով 8-րդ հորիզոնական։ Այդ են վկայում Forbes Real-Time վարկանիշի տվյալները։

Սեպտեմբերի 8-ին Tesla էլեկտրամոբիլների արտադրության բաժնետոմսերը կտրուկ էժանացել են՝ անկումը հասել է 19.68%-ի, իսկ արժեթղթերի գինը նվազել է մինչև $335.99, գրում է ՌԲԿ-ն։

S&P Dow Jones Indices ինդեքսի կոմիտեն սեպտեմբերի 5-ին հրաժարվել է ներառել Tesla-ի բաժնետոմսերը S&P 500 վարկանիշում՝ առանց պատճառները պարզաբանելու։ Նման որոշում է կայացվել, թեև ավտոմեքենաներ արտադրողը համապատասխանել է վարկանիշում ընդգրկվելու բոլոր չափանիշներին։

Դեռ սեպտեմբերի սկզբին Մասկը 5-րդն էր աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում, որտեղ մնաց մոտ մեկ ամիս։ Նա հայտնվել էր առաջին 5-յակում Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ աճի արդյունքում։

49-ամյա Մասկին է պատկանում Tesla-ի բաժնետոմսերի մոտ մեկ հինգերորդը՝ դա նրա կարողության հիմնական մասն է։ Նա նաև SpaceX-ի մաժորիտար բաժնետեր է, նրան պատկանող արժեթղթերը գնահատվում են $15 մլրդ։ Ըստ Forbes-ի, Մասկի կարողությունը կազմում է $71.4 մլրդ։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի օգոստոսի տվյալների, Մասկի կարողությունը գերազանցել է $100 մլրդն։