12 սեպտեմբերի 2020 - 15:15 AMT
ՀՀ-ում ալկոհոլային թունավորումից 21 մարդ է մահացել

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ը Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը` մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:

Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են գրգռումը, սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը, գլխացավը և գլխապտույտը, նիստագմը, դիպլոպիան, թույլ համակենտրոնացումը, անհավասարակշռությունը, քնկոտությունը, ատաքսիան, կոման, ցնցումները, շնչառության խանգարումը, ճնշման իջեցումը, սրտի դանդաղ աշխատանքը, մարմնի ջերմաստիճանի իջեցումը, հիպոգլիկեմիան:

Մեթիլ սպիրտի պարագայում թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են գլխապտույտը և գլխացավը, սրտխառնոցը և փսխումը, մկանային, հոդերի և որովայնի ցավը, գիտակցության մթագնումը, քնկոտությունը, լուսավախությունը, սպեցիֆիկ ազդեցությունը տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացումը, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերումը։

Ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։