12 փետրվարի 2009 - 12:31 AMT
Կիպրոսը արգելափակում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները
Թուրքիան չի կարող Եվրամիության անդամ դառնալ քանի դեռ նրա զորքերը օկուպացիայի են ենթարկել Կիպրոսի հյուսիսային մասը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը:
Կիպրոսը ԵՄ անդամ է եւ ներկայումս արգելափակում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որ մեկնարկել են 2006 թվականին:
Իր հերթին Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն հայտարարել է, որ Կիպրոսը արգելափակել է Թուրքիայի եւ ԵՄ-ի բանակցությունները նավթի հետախուզման շուրջ վեճի պատճառով: «Քանի դեռ միջերկրական տնտեսական գոտու բնական ռեսուրսների արդյունահանման ու օգտագործման սպառնալիք կա, մեզ համար դժվար է բանակցություններ սկսել համապատասխան հոդվածի շուրջ«,-ասել է Կիպրիանուն, գրում է Gibrahayer թերթը:
Թուրքիայի օկուպացիոն զորքերը գտնվում են Կիպրոսում 1974 թվականից ի վեր: Այն ժամանակ էլ հենց ստեղծվեց Թուրքիայից բացի ոչ ոքի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: