12 փետրվարի 2009 - 12:59 AMT
ՀԲ-ն Հայաստանին 1,5 մլն դոլար կտրամադրի Երկրաջերմային էներգետիկայի ծրագրի իրականացման համար
Փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամի նպատակն է` դյուրինացնել ներդրումները վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտներում եւ նպաստել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության շուկաների զարգացմանը։

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել եւ արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, հաստատել է հիմնադրամի 2008թ. գործունեության հաշվետվությունը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի որոշումների եւ հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաեւ իրականացվող ծրագրերի հետ առնչվող ընթացիկ հարցեր։

Ներկայացնելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության անցած տարվա գործունեության արդյունքները, հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշել է, որ 2008թ. շարունակվել են 2006 թվականի ընթացքում գործարկված մի շարք ծրագրեր, այդ թվում` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման վարկային ծրագիրը, ,Գլոբալ բնապահպանական միջոցառումներե հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Վերականգնվող էներգետիկայի դրամաշնորհային ծրագիրը եւ Համաշխարհային բանկի ու Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության ֆինանսավորմամբ իրականացվող Գազի եւ ջերմամատակարարման դրամաշնորհային ծրագիրը, որոնք ընթացքի մեջ կլինեն նաեւ մինչեւ այս տարեվերջ։ Հիմնադրամի տնօրենը տեղեկատվություն է ներկայացրել հիշյալ ծրագրերի բյուջեների եւ կատարողականի, գնումների գործընթացի եւ ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի կատարման վերաբերյալ։

Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ, Թամարա Բաբայանը նշել է, որ նիստում տրված բոլոր հանձնարարականներն ամբողջությամբ եւ ժամանակին կատարվել են։ Մասնավորապես, Երկրաջերմային ծրագիրը հաստատելու եւ կարճ ժամկետում դրա գործարկման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հանձնարարականի կապակցությամբ, նա տեղեկացրել է, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ պատվիրակության եւ ՀԲ-ի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել 2009թ. հունվարի 29-ին, որի արդյունքում, ըստ հիմնադրամի տնօրենի, Համաշխարհային բանկը կտրամադրի 1.5 մլն ԱՄՆ դոլար` որպես դրամաշնորհ, ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 300 հազար ԱՄՆ դոլար (ծախսերի 17 տոկոսը)։ Ծրագրի ավարտը նախատեսվում է 2010 թվականին։ Թամարա Բաբայանը նշել է նաեւ, որ նկատի ունենալով ծրագրի սեզոնային բնույթը, հիմնադրամն արդեն իսկ սկսել է մրցութային գործընթացը` ծրագրի գործարկումից անմիջապես հետո համապատասխան պայմանագրեր կնքելու նպատակով։

Նիստում հոգաբարձուների խորհուրդը` արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, որոշումներ է ընդունել նաեւ հիմնադրամի կողմից իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագրի, Վերականգնվող էներգետիկայի ու Գազի եւ ջերմամատակարարման ծրագրերի գնումների պլանների, ամփոփ բյուջեների, հիմնադրամի գործակալական վարձատրության եւ պահպանման ծախսերի 2009թ. նախահաշվի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության տրամադրման ծրագրում ընդգրկելու համար անապահով ընտանիքների ցանկի, Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում քաղաքային 7 հատուկ դպրոցների ջերմամատակարարման (ջեռուցում եւ տաք ջուր) վերականգնման, ինչպես նաեւ «Անհատական գազի ջեռուցիչների տեղադրում աղքատների համար» մրցույթների համար ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռք բերման մրցութային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ։ Հոգաբարձուների խորհրդին տեղեկատվություն է ներկայացվել նաեւ Քաղաքային ջեռուցման ծրագրի նախապատրաստման կանխավճարի շրջանակներում իրականացված փորձնական ծրագրերի ներքո «Արգիշտի համատիրությանը» տրամադրված փոխառությունների մասին։ Որոշվել է` մայր գումարը վճարելուց հետո միայն, նշված համատիրությանն ազատել տույժերից եւ տուգանքներից։