14 սեպտեմբերի 2020 - 14:45 AMT
ԱԳ նախարար․ ՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնել Հունաստանին և Կիպրոսին

Հայատանն ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրականի զարգացումներին և իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Այս մասին հայտնել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Եգիպտոս այցի ժամանակ։

Նա նշել է, որ նույն ձև ցանկանում է ընդգծել նաև Հայաստանի համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին:

Նախարարը եգիպտացի գործընկերոջը՝ Սամեհ Շուքրիին ներկայացրել է տարածաշրջանի զարգացումները և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի պետական սահմանին վերջին լարվածությունը: Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամ է իր մոտեցման հարցում, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում:

Արտգործնախարարը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայտարարել է, որ Հայաստանի ուշադրությունը և գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների:

«Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը: Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում»,- մասնավորապես հայտարարել է Մնացականյանը՝ նշելով, որ Հայաստանն ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը՝ ևս:

Նրա խոսքով՝ կա Արցախում ապրող հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: