15 սեպտեմբերի 2020 - 10:38 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հորդորել են հանդիպել

Արցախյան հակամարտության հարցով միջնորդներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել, որոնցից հետո հորդորել են Հայաստանին և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջիկա շաբաթներին հանդիպել իրենց հետ։

Համանախագահները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանային սրմանը հետևած զարգացումներին: Նրանք մանրամասն քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձներն ու մտահոգությունները։

Համանախագահներն առանձին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, նրանց դիրքորոշումներն առավել հստակեցնելու համար՝ հորդորել առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել իրենց՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով:

Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչից տեղեկացել են անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նրա դիտարկումը՝ վերսկսելու կոնկրետ նախապատրաստությունը: