15 սեպտեմբերի 2020 - 10:53 AMT
Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել են

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները:

Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպում, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում, այն Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից:

Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հերթին, մտահոգություն էր հայտնել ՀԵՊ առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ։ Նա նշել էր, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։