16 սեպտեմբերի 2020 - 14:10 AMT
Արյունաբանականի նախկին տնօրենը 26․5 մլն դրամի յուրացում է արել․ Մեղադրանք է առաջադրվել

Յոլյանի անվան արյունաբանական նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի՝ 26․5 մլն դրամ յուրացում կատարելու համար, փոոխանցում են Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ նա 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50%-ը։

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում վերջինիս պատճառած վնասը վերականգնվել է:

2018-ին, երբ Դաղբաշյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ հետաքննություն է ընթանում արյունաբանականում։