16 սեպտեմբերի 2020 - 15:06 AMT
Մակունց․ Covid-19-ի դեմ պայքարի վերաբերյալ քննիչ հանձնաժողովն այս պահին արդյունք չի տա, բայց չենք խոչընդոտի

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում հայտարարել է, որ իրենց համար Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է, սակայն խմբակցությունը չի խոչընդոտի դրա ստեղծմանը, գրում է Aysor.am-ը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 12 անդամ կունենա։ Ազգային ժողովը քվեարկությամբ սահմանել է նոր անդամների թիվը։ Որոշումն ընդունվել է 110 կողմ, 5 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Այս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված համավարակը դեռ հաղթահարված չէ: Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ, պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրությանը զերծ պահել վարակից: Հետևաբար, մենք կարծում ենք, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը»,-ասել է Մակունցը։

Նա հավելել է, որ խմբակցությունը կառաջադրի պատգամավորների, ովքեր ներգրավված կլինեն հանձնաժողովում։

ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, անդամների թիվն այժմ է որոշվել։