16 սեպտեմբերի 2020 - 19:27 AMT
Ռուսաստանցի նեոնացիստ Մարցինկևիչն ինքնասպան է եղել մեկուսարանում

Ռուսաստանցի նեոնացիստ Մաքսիմ Մարցինկևիչն ինքնասպան է եղել Չելյաբինսկի մեկուսարանում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ նա գրություն է թողել՝ խնդրելով իր քաղաքացիական կնոջը փոխանցել կոմունիզմի մասին գիրքն ու իր անձնական օրագիրը։ Նա նաև գրել է, որ «չի ցանկանում անախորժությունների պատճառ դառնալ մեկուսարանի ղեկավարության համար» և ներողություն է խնդրել։

Մարցինկևիչը 3 անգամ դատվել է։

2007-ին Մաքսիմ Մարցինկևիչին դատել են նացիստական կարգախոսների և ծայրահեղական արտահայտությունների համար, իսկ 2 տարի անց՝ ռասիստական տեսանյութերի տարածման։ 2014-ին նա դատապարտվել էր 5 տարվա գաղութի ծայրահեղականության համար, սակայն ավելի ուշ նրա ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև 2 տարի 9 ամիս։

2018-ին Մարցինկևիչին դատապարտել են 10 տարվա ազատազրկման։ Մարցինկևիչի հիմնած «Ռեստրուկտ» շարժման անդամները 2013-2014թթ․ հարձակվել են մարդկանց վրա էլկտրաշոկերներով, մետաղյա մահակներով՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի պատրվակով։

Մարցինկևիչն ու նրա թիմակիցները մեղսակից են 8 անձի վրա հարձակումներին, որից 1-ը մահացել է։ 2019-ին նրա ազատազրկման ժամկետը կրճատեցին մինչև 8 տարի։ Թիմակիցները գրում էին, որ Մարցինկևիչն ազատ է արձակվելու 2021-ին։