Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանի տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են:
«Հույս ունենք, որ մեր ԶՈւ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են լինելու»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն իրականացնում է ամրաշինական աշխատանք, որպեսզի որոշակիորեն չեզոքացնի հայկական դիրքապահների և դիրքերի առավելությունը, և այդ պատճառով օգտագործում է տարբեր տրամաչափի զենք: Ըստ նախարարի` արդեն երկու շաբաթ այս իրավիճակն է:
Նա նշել է, որ ամբողջ այս տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին:
«Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Տոնոյանը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել սեպտեմբերի 16-ին սահմանին զոհված պայմանագրայինի հիշատակը:
Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան (Տավուշի) դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Նա մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել։ Սահմանի այս հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրումները կանխելու նպատակով հայկական ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան գործողություններ: