16 սեպտեմբերի 2020 - 19:25 AMT
Արյունաբանականի 41 բժիշկ պատրաստ է ազատվել աշխատանքից

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում է հոկտեմբերի 1-ից ազատվել աշխատանքից, նրանք բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով վերանայել առողջապահության նախարարության որոշումը տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայամանգիրը դադարեցնելու մասով։

Ըստ բժիշկների՝ Դանիելյանի պաշտոնավարման երկու տարվա ընթացքում կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց։

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում էր ներկայացրել ու հայտնել, որ պատճառն ԱՆ որոշումն է` հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը։ ԱՆ-ից նշում են, որ պայմանագիրի լուծման պատճառը Դանիելյանի տարիքն է․ ըստ օրենքի՝ ԲԿ ղեկավարը 65-ն անց լինել չի կարող։

Աշխատանքից ազատման դիմում պատրաստող բժիշկները խնդրել են վերանայել նախարարության որոշումը` նշելով, թե «այն չհիմնավորված և անտրամաբանական է»։ Բժիշկների խոսքով՝ աշխատանքից ազատման իրենց որոշման մասին հայտնում են կանխավ՝ «համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար»։

Առողջապահության նախարարությունից PanARMENIAN.Net-ին մեկնաբանելով իրավիճակը՝ նշեցին, որ այդ նույն բժիշկները կամ նրանցից որոշները 2018-ին պայքարում էին հենց Դանիելյանի նշանակման դեմ։

«Երբ 2 տարի առաջ առողջապահության նախարարն աշխատանքից ազատել էր Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենին և Սամվել Դանիելյանին նշանակել որպես տնօրենի պաշտոնակատար, այդ նույն կոլեկտիվը կամ գոնե նրանց մի մասը փակել էր կենտրոնի դռները և խոչընդոտում էր ԱՆ տեղակալի և Դանիելյանի մուտքը: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ նրանք այս քայլով ցույց են տալիս, թե ինչքանով են սրտացավ իրենց պացիենտների առողջության համար, այդ թվում` մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների»,- նշեցին ԱՆ-ից։

ԱՆ-ից ասում են՝ ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունն այն դեպքում, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը, իսկ նա այդ մասին տեղյակ է եղել պայմանագիրը ստորագրելիս` 2019 թվականի հունվարի 14-ին։

Դանիելյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018-ին՝ փոխարինելով Սմբատ Դաղբաշյանին, ով կենտրոնը ղեկավարել է 2001-ից։