17 սեպտեմբերի 2020 - 16:10 AMT
ԱՆ․ ՀՀ-ում Covid-19-ն արագ կտարածվի

Կորոնավիրուսի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից վերարտադրողականության ցուցանիշը Հայաստանի համար աճել է և կազմում է 1.02: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ 1-ից բարձր լինելու դեպքում ցուցանիշը կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավելի անձի։

Նա հայտնել է, որ ընդամենը մի քանի օր առաջ այն 1-ից ցածր էր և վկայում էր դեպքերի նվազման մասին։

«Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները, հակառակ դեպքում՝ մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչին, իհարկե, նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը»,- նշել է նա։

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46,671-ի: