«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը 2020-ին շնորհվել է Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին։
Նրանք մայր և դուստր են, որոնք Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը:
Նրանց շնորհվել է $1 մլն-ի պարգև, որը հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
Մրցանակակիրների ընտրությամբ 3 կազմակերպություն դարձել են այդ $1 մլն-ի շահառու։
Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին և փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։
Նշվում է, որ երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը և իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ:
Անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016 թ.), ամերիկացի բժիշկ և միսիոներ Թոմ Քաթինան (2017 թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը(2018 թ.) և եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.):
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է գումար, որն էլ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։