17 սեպտեմբերի 2020 - 18:46 AMT
Արյունաբանականի ևս 13 աշխատող աշխատանքից ազատման դիմում է գրել

Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի 13 աշխատակից աշխատանքից ազատման դիմում են գրել, հայտնել է կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:

«Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը՝ կապված Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ, մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին», - գրել է նա։

Աշխատակիցների թվում են կլինիկայի ղեկավարը, բաժանմունքի վարիչը, ուռուցքաբաններ, բուժքույրեր, մայրապետեր։ Նրանք աշխատանքի չեն գա հոկտեմբերի 1-ից։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը դադարեցրել էր հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ 41 աշխատակից նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։ Բացի այդ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։ Առողջապահության նախարարությունից էլ նշում են, թե ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունն այն դեպքում, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը, իսկ նա այդ մասին տեղյակ է եղել պայմանագիրը ստորագրելիս` 2019 թվականի հունվարի 14-ին։