18 սեպտեմբերի 2020 - 12:41 AMT
Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է մարտի պիկը

Եվրոպայում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի քանակը գերազանցել է պանդեմիայի առաջին՝ մարտ ամսվա պիկը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ըստ ԱՀԿ-ի Եվրոպայի գծով տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի՝ միայն սեպտեմբերի 7-13-ն աշխարհում գրանցվել է վարակի 300,000 նոր դեպք։

Մարտի վերջին Եվրոպայում նոր դեպքերը կազմել են 26,475, գրում է BBC-ն։

Եվրոպայի շատ երկրներում այժմ գրանցվում են վերջին ամիսների կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշները։ Ըստ Կլյուգեի՝ աճում է նաև երկրների միջև վիրուսի փոխանցման ցուցանիշը։

«Հունիսին նոր դեպքերը ստորին նիշում էին։ Սեպտեմբերին դեպքերի քանակը վտանգի ազդանշան պետք է լինի»,- ասել է նա։

Հիվանդացության նոր հակառեկորդ է գրանցվել Նիդերլանդներում։ Վերջերս երկիրն ընդգրվել է Մեծ Բրիտանիայի կազմած կարմիր՝ անբարենպաստ երկրների ցանկում։

Իսպանիայում սեպտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 239 մարդ՝ սա ամենամեծ ցուցանիշն է հունիսից ի վեր։ Վարակման վիճակագրությունը կտրուկ աճել է հատկապես Մադրիդում։

Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակի 30 մլն դեպք է գրանցվել, վարակից մահացել է 944,300 մարդ։