18 սեպտեմբերի 2020 - 13:29 AMT
Հանցավոր առերևույթ հափշտակության դեպքեր՝ Ամասիայի առողջության կենտրոնում

«Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր են հայտնաբերվել։

«Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը շահադիտական նպատակով նույն բժշկական կենտրոնում որպես տնտեսուհի հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018-ը փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն 2010-2018թթ. նրա անվամբ, որպես վարձատրություն, հատկացվել է ընդհանուր առմամբ 4.3 մլն դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Բացի այդ, «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության 2010-2019 թթ․ ցուցակներից չեն հանվել 5 մահացած և մշտական բնակության այլ վայր տեղափոխված 11 անձի վերաբերյալ տվյալներ: Արդյունքում նրանց բժշկական սպասարկման համար պետմիջոցներից հատկացվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք առերևույթ յուրացման եղանակով հափշտակվել են:

Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (պատժվում է տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պատժվում է տուգանքով կամ մինչև 4 տարի ազատազրկմամբ), և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պատժվում է տուգանքով կամ մինչև 4 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՔԿ Շիրակի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Քրեական գործի շրջանակում ստուգման առարկա կդառնա սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում նաև այլ մահացած կամ մշտական բնակության վայրը փոխած, ՀՀ-ից բացակայող անձանց տվյալների հնարավոր առկայությունը, կպարզվի նշված հանցավոր մեխանիզմներում ներգրավված բոլոր պատասխանատու աշխատակիցների շրջանակը: