18 սեպտեմբերի 2020 - 13:30 AMT
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, հայտնում են Քննչական կոմիտից։

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ տվյալների՝ 2020-ի օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Գասպարյանը գտնվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի իր առանձնատանն ու նկատել, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Իր կվադրոցիկլով նա շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով:

ՔԿ-ից հայտնում են, որ նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին և նրա նկարահանող խմբին՝ Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իմանալով, որ նրանք ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել, և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց։ Համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, նա հեռացել է նշված վայրից:

2019-ի սեպտեմբերին Գասպարյանին դարձյալ մեղադրանք էր առաջադրվել, որը վերաբերում էր նրա՝ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետ պաշտոնավարելու տարիներին թույլ տված 21․6 մլն դրամ պաշտոնեական չարաշահումներին։