2020/21թթ․ ուսումնական տարվանից ուսվարձի փոխհատուցման իրավունքից աշխատող ուսանողը կամ ասպիրանտը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար, որի ուսման վարձը կփոխհատուցվի տարվա ավարտից հետո, տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հարկային օրենսգրքում 2020-ի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` 2020/21թթ․ ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին:
Կառավարության որոշմամբ՝ մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը վերադարձվում է տվյալ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու, այսինքն՝ կրթական ծրագրով նախատեսված բոլոր քննությունները հանձնելու դեպքում։
Հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:
Փոխհատուցում կստանան ՀՀ քաղաքացիություն ունեցող, առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողները: Եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու նախագիծը նպատակ ունի ուսանողներին երիտասարդ տարիքից խրախուսելու աշխատել, ստեղծել խթաններ երիտասարդ աշխատողներին առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու ձգտումներից հրաժարվելու համար և երիտասարդների մեջ ձևավորել աշխատելու ու միաժամանակ հարկ վճարելու մշակույթ: