Հայաստանի իշխանությունն անփորձ է, «չի աշխատել ոչ մի տեղ, անփորձ քայլել են», հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Էսօր մի ամբողջ ոլորտ ա ղեկավարում, քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես: Մարդիկ չեն ուզում լսել, ուզում են իրանց վրա զգալ», - ասել է նա ԲՀԿ ուսանողական խորհրդի գրասենյակի բացմանը։
Ծառուկյանը նշել է, որ պետությունն ամեն հարցով պետք է կանգնի երիտասարդների ու ժողովրդի կողքին, քանի որ նրանք ուզում են ոչ թե խոսքեր լսել, այլ կոնկրետ գործ տեսնել ու փոփոխություն զգալ:
«Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ՝ պետությունը», - հայտարարել է Ծառուկյանը:
Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ ակնարկել էր ԲՀԿ առաջնորդի անվան հետ կապված բռնաբարության դեպքը։
Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանն անկախության տարիներին արդարացրել է նրան։
Դրանից հետո ԲՀԿ առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել՝ «հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանն ասել էր, թե «կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:
Հարությունյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ն բոյկոտել էր Կառավարության հետ հարցուպատասխանն ու հայտարարել նրա հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսելու մասին։