Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ծախսերի հայտարարագրում և ընդգրկված անձանց շրջանակի ընդլայնում նախատեսող «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։
Կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 17։
Նոր օրենքով հայտարարատուն ստիպված է լինելու ներկայացնել ոչ միայն իր, այլև այլոց անուններով ձևակերպված, բայց փաստացի իրեն պատկանող գույքը:
Նախատեսվում է նաև ընդլայնել եկամուտների ու ծախսերի հայտարարագիր ներկայացող պաշտոնյաների շրջանակը: Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը։
Առաջարկվում է նաև ստուգել հայտարարատու պաշտոնյայի տվյալները պաշտոնավարումից 2 տարի հետո, կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է գույքի իրավիճակային հայտարարագիր պահանջել։ Առաջարկվում է նաև թանկարժեք գույքի շեմը 8 մլն դրամի փոխարեն սահմանել 4 մլն դրամ։
Ենթադրվում է, որ հայտարարագրումը մեծ կարևորություն կունենա հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից։