18 սեպտեմբերի 2020 - 18:15 AMT
ՀՀ-ն բանակցում է Ռուսաստան հայկական մսամթերքի ներմուծման արգելքը հանելու շուրջ

Հայաստանից ՌԴ մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ընթացքում:

2016-ին հայկական միս-մսամթերքի ներմուծումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով:

ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկել դաբաղի դեմ պայքարի նպատակով. զարգացվել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ:

Քննարկումների արդյունքնում կողմերը որոշել են, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, դաբաղից ազատ մարզերի-շրջանների ցանկը, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսում են միս-մսամթերք արտահանել ՌԴ:

2020թ. Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը: