19 սեպտեմբերի 2020 - 11:30 AMT
18-27 տարեկան կանայք կմասնակցեն 45-օրյա զինվարժանքների

18-27 տարեկան կանանց համար զինվորական պատրաստության վարժանքներ կանցկացվեն։ Հոկտեմբերի 1-ից 31-ը կընդունվեն դրանց մասնակցելու համար դիմումները: Մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում:

Բանակում մասնակիցների առօրյան կազմակերպվելու է զինված ուժերում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն:

Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:

Մինչ ծրագրում ընդգրկվելը, թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում, որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի ավարտական ստուգարք:

Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ծառայելու պաշտպանության նախարարության նշած պայմաններում և վայրում։

Վարժանքները նախաձեռնել է վարչապետի կին Աննա Հակոբյանը։