19 սեպտեմբերի 2020 - 17:24 AMT
ԱՄՆ-ն նոր զորախումբ է ուղարկում Սիրիա՝ ռուսների հետ բախումներից հետո

Սիրիայում ռուսական ուժերի հետ գրանցված մի քանի միջադեպից հետո ԱՄՆ-ն մեծացրել է Սիրիայում իր ռազմական կոնտինգենտը։ Սիրիայի հյուսիս-արևելք է ուղարկվել 6 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա և մոտ 100 զինծառայող։

BBC-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար Բիլ Ուրբանը հայտնել է, որ լրացուցիչ զորքը միջազգային կոալիցիոն ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար է։

Վերջին տարիներին Սիրիայում պարբերաբար միջադեպեր են լինում ամերիկյան և ռուսական ուժերի միջև: Սակայն վերջին շաբաթներին հյուսիս-արևելքում գրանցվող միջադեպերն ավելի ագրեսիվ ​​են դառնում:

Օգոստոսի վերջին 7 ամերիկացի զինվորական էր վիրավորվել ռուսական զրահամեքենայի հետ ավտովթարի հետևանքով: Կողմերը միմյանց էին մեղադրել բախման համար։

Սիրիայի հյուսիս-արևելքը հիմնականում գտնվում է ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերից բաղկացած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) վերահսկողության տակ։