19 սեպտեմբերի 2020 - 12:06 AMT
Եվրոպական եռյակը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ առաջարկը

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իրավաչափ չեն համարում Իրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Այդ մասին ասվում է «եվրոպական եռյակի» ՄԱԿ Անվտանգության խորհրդին հասցեագրված նամակում, գրում է Deutsche Welle-ն։

Վաշինգտոնը մտադիր էր ակտիվացնել Թեհրանի դեմ ՄԱԿ տուգանային միջոցների վերականգնման մեխանիզմը, սակայն ԱԽ անդամների մեծ մասը կողմ է եվրոպական եռյակի դիրքորոշմանը։

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը վերապահված է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևով, որով վավերացվել է 2015-ին համաձայնեցված Իրանի հետ միջուկային գործարքը։ Ըստ այդ կետի՝ եթե համաձայնագրի պայմանները չկատարվեն, մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է պահանջել պատժամիջոցների վերականգնում, իսկ մյուս կողմերը չեն կարող վետո դնել որոշման վրա։ ԱՄՆ-ն, սակայն, դեռևս 2018-ին է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու մասին։ Ուստի, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կարծում են, որ ԱՄՆ-ն այևս գործարքի մասնակից չի համարվում և չի կարող պահանջել, որ Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնվեն։