21 սեպտեմբերի 2020 - 14:01 AMT
Մնացականյան․ Ղարաբաղյան հարցով բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու քննարկումներ կան

Ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ-ն մնում է խաղաղ կարգավորմանը հավատարիմ, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին քննարկումներ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aravot.am-ը:

«Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով: Ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, սամանները: Հայկական կողմը խաղաղ ու բանակցային գործընթացը շարունակելու վճռականությունը չի նվազել: Կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, հստակություն կլինի, մենք կհայտարարենք», - ասել է նա։

Մնացակայանը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները։

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդպել են հունիսի 30-ին՝ տեսակոնֆերանսով։ Դրանից մի քանի օր անց՝ հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սանձազերծել Հայաստանի հետ հյուսիսային սահմանին՝ Տավուշում։ Մինչև հուլիսի 16-ը տևած մարտերում 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանցիները հայտարել էին 12 զոհի մասին։