22 սեպտեմբերի 2020 - 10:46 AMT
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

Կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 2018թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, սակայն անցած ավելի քան երկու տարում հանրության սպասելիքները չեն արդարացել։

«Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի սկզբին ԲՀԿ-ն հայտարարել է, որ մտադիր է բազմահազարանոց հանրահավք կազմակերպել։