22 սեպտեմբերի 2020 - 17:04 AMT
Չարաշահումներ՝ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների օտարման մեջ

Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատի նախկին և ներկա ղեկավարների կողմից կատարվել են ենթադրյալ ապօրինություններ: Մասնավորապես, Արտաշատի նախկին քաղաքապետ Գ. Մ.-ի 2006թ. որոշման համաձայն Արտաշատի մանկական գեղարվեստի դպրոցի կիսակառույց շենքը վաճառվել է ձևական աճուրդով և գնվել շուկայականից ցածր գնով:

2006թ․ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Մուրադյանը։

Շենքի շուկայական արժեքը գնահատվել է 6,500,000 դրամ, որը վերաբերել է միայն շինություններին, իսկ հողատարածքի շուկայական արժեքը ներառված չի եղել: Աճուրդին մասնակցել է նաև Արտաշատի քաղաքապետ Գ. Մ.-ի որդին՝ ներկայում Արտաշատի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս. Մ.-ն, և նշված շենքը գնել 7,155,000 դրամով:

2020-ի գարնանը նշված շինությունը վաճառվել է 90,000,000 դրամով: Պարզվել է, որ վաճառվել է նաև «Մանկական գեղարվեստի դպրոցին» հատկացված 0.2331 հա հողատարածքը, որը 2006թ-ին աճուրդի դրված չի եղել և չի օտարվել։

Արարատի մարզի դատախազությունում վերացվել է քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: