24 սեպտեմբերի 2020 - 18:21 AMT
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը՝ իրեն սպառնացած ադրբեջանցիներին

Արցախի Շուշիի քույր քաղաք ճանաչված Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն քաղաքապետարանի բակում ծածանվող Արցախի դրոշի պատճառով սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիներից:

Օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի մտել է քաղաքապետարան, ներկայացել որպես զբոսաշրջիկ, պահանջել Արցախի դրոշն իջեցնել, ապա սպառնալիքներ հնչեցնել:

«Սա Ադրբեջանը չէ, և ձեր որոշելունը չեն այստեղի օրենքներն ու կարգերը»,- հիշեցրել է նա։

Մուրիեն ասել է, որ սպառնալիքներ է ստանում ոչ միայն բռնապետական Ադրբեջանից, այլև Բաքվի դաշնակից Թուրքիայից:

«Ոչ ոք չի կարող որոշել, թե ում հետ շփվենք: Ադրբեջանը, Ալիևը և նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ մենք ենք ընտրում մեր սեփական ընկերներին», - գրել է նա Facebook-ում։

2014-ին Արցախի Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Քաղաքապետը հռչակագրից հետո ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։